«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ, Silver REA Real Estate անշարժ գույքի ընկերության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունովը
– Պարո՛ն Հարությունով, վերջին շրջանում թե՛ վարձակալությամբ տրվող, թե՛ առուվաճառքի ենթակա անշարժ գույքի շուկայում գների բարձրացում է նկատվում: Որքա՞ն է աճել արժեքը շուկայում ու ի՞նչ գործոններով է դա պայմանավորված:
– Վարձակալության շուկան բավականին ակտիվ է հիմա, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով։ Քանի որ այս պահին զբոսաշրջային սեզոն է, ու այս տարի, նախորդ տարվա համեմատ, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 30 տոկոս ու ավելի տուրիստական հոսքի աճ կա հանրապետությունում:
Վարձակալության շուկայի բնակարանների մի մասը զբոսաշրջային շրջանում հիմնականում օրավարձով է տրվում, քանի որ այս տարի էլ զբոսաշրջիկների հոսքը 30 տոկոսով ավելի է, բնականաբար, օրավարձով տրվող բնակարանների քանակն ավելի է շատացել շուկայում: Նույնիսկ տարեկան այդքան բնակարան չի հանձնվում նոր բնակֆոնդից շահագործման, ինչքան տուրիստական հոսքի աճն է: Այս ֆոնին վարձակալությամբ տրվող բնակարանների մեծ պահանջարկ է առաջանում:
Երկրորդ պատճառը ռուս-ուկրաինական պատերազմն է, երբ արդեն հարվածում են քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդտեղ ապրող քաղաքացիները նախընտրում են գնալ ինչ-որ պետություն, որտեղ ավելի հեշտ կինտեգրվեն ու կկազմակերպեն իրենց առօրյան որոշակի ժամանակով: Այդ ուղղություններից մեկն այսօր Հայաստանն է, այսինքն՝ մենք այսօր աշխարհին ներկայանում ենք որպես ապահով ու անվտանգ երկիր, որովհետև տևական ժամանակ է՝ ռազմական գործողություններ չկան:
Ապահով երկիր հանդիսանալուն նպաստում է նաև այն, որ խոշոր ընկերություններ ներդրումներ են կատարում Հայաստանում, ինչը նշանակում է, որ Հայաստանը համարում են անվտանգ երկիր ու իրենց կապիտալն այստեղ են ներդնում:
Երրորդ հանգամանքն էլ, որը նպաստում է վարձակալության շուկայում ակտիվությանը, Հայաստանում միգրանտներն են, շինհրապարակներում այսօր շատ են օտարազգիները՝ հնդիկներ, պարսիկներ, ուզբեկներ: Այս մարդիկ էլ, որ Հայաստան գալիս են արտագնա աշխատանքի, որովհետև մեզանում էժան աշխատուժի լուրջ դեֆիցիտ կա, տարածքներ են վարձակալում ապրելու համար, սա ևս ազդում է շուկայի վրա:
Չորրորդ պատճառն էլ այն է, որ սեպտեմբերին սկսվելու է նոր ուսումնական տարին, ու հիմա ուսանողներն ակտիվորեն բնակարաններ են վարձակալում: Այս բոլոր հանգամանքները միասին ստեղծում են շատ լուրջ պահանջարկ, ինչի ֆոնին էլ առաջանում է բնակարանների դեֆիցիտ:
Բնական է նաև, որ վարձակալվող բնակարանների գներն ավելացել են, տարբեր թվեր են հնչում, բայց իրականում ոչ մեկը ճիշտ չէ, միայն գործակալներն են ասում՝ մոտավոր 15-20 տոկոսով ավելացել է: Պետական վիճակագրության տվյալներն այնքանով ճիշտ չեմ համարում, որովհետև վարձակալության գործարքների մեծ մասը պետական գրանցում չի ստանում, այսինքն՝ այդ պատկերն ամբողջական չէ: Վարձակալությամբ տրվող բնակարանների գները նախորդ տարվա համեմատ բարձրացել են 10-15 տոկոսով, սա միջինացված պատկերն է:
– Առուվաճառքի շուկայում ի՞նչ պատկեր է:
– Երկրորդային շուկայում հիմնական գնորդները Սփյուռքի մեր հայրենակիցներն են ու ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան մշտական բնակության տեղափոխված մարդիկ, որոնք մեկ տարի է ապրում են այստեղ, կամ մարդիկ, որոնք կապ են ունեցել Հայաստանի հետ ու հիմա որոշել են իրենց բիզնեսով ու ընտանիքով տեղափոխվել այստեղ, ու այլ երկրներում ապրող մեր հայրենակիցները, որոնք հանդիսանում են տվյալ երկրի քաղաքացիներ:
ԱՄՆ-ից է նաև շատ ակտիվ հետաքրքրությունը, որովհետև տարեկան ավելի շատ եկամուտ են ստանում Հայաստանում բնակարանը վարձակալության հանձնելով, քան բանկում գումարը ավանդ դնելով, դրա համար էլ նախընտրում են բնակարան գնել Հայաստանում ու վարձակալության հանձնել:
Առաջանային շուկայում ևս շատ ակտիվ է, որովհետև կառուցապատողները եկամտային հարկի վերադարձի օրենքը դադարելուց հետո նոր լուծումներ գտան, որոնք օգնեցին մարդկանց բնակարաններ ձեռք բերելու հարցում: Երևանամերձ տարածքներում՝ Ջրվեժում, Զովունիում, ևս ակտիվ է, որտեղ դեռ գործում է եկամտահարկի վերադարձի օրենքը: Վերջին տարիներին կապիտալի լուրջ արժևորում է տեղի ունենում Հայաստանում, ինչի արդյունքում էլ շուկայում ակտիվությունը պահպանվում է:
– Բնակարանների առուվաճառքի գները որքա՞ն են բարձրացել նախորդ տարվա համեմատ, պարո՛ն Հարությունով:
– Հիմնականում քաղաքաշինության նախագծերով՝ առաջնային շուկայում, տարբեր փուլերում տարբեր գներով են վաճառում: Այդտեղ վերլուծություն անելը մի քիչ բարդ է, նույն նախագծով կառուցապատման երեք տարվա ընթացքում կարող է ութ անգամ արժեք փոխվել:
Միջինացված գին ստանալը բարդ է, որ մի հատ էլ համեմատենք նախորդ տարվա հետ: Բնականաբար նախորդ տարիների հետ համեմատած թանկացում կա, բայց տոկոսային հստակ թիվ չեմ կարող նշել: Պետք է նշեմ, որ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային շուկաներում ակտիվ է, որովհետև անշարժ գույք ձեռք բերելու պահանջարկ կա:
– Իսկ կա՞ առավել նախընտրելի վարչական շրջան Երևանում:
– Տարբեր են նախասիրությունները, բայց բնականաբար պահանջարկով առաջնայիններից է Կենտրոն վարչական շրջանը ու Արաբկիրը, ապա Դավիթաշենը, Քանաքեռ-Զեյթունը: Գնային սեգմենտով էլ է այսպես բաժանվում:
– Մարզերում նման ակտիվություն նկատվո՞ւմ է:
– Դա հիմնականում մարզկենտրոններում է ու այն տարածքներում, որոնք ավելի զբոսաշրջային գոտի են համարվում: Դիլիջանում, Ծաղկաձորում կան տարբեր կառուցապատման նախագծեր, որտեղ պահանջարկը մեծ է, ու ներգրավված են նույնիսկ միջազգային ընկերություններ կառավարման մասով, ինչը ևս շատ լավ ցուցիչ է: Էջմիածնում, Արմավիր քաղաքում, Գյումրիում կան տարբեր քաղաքաշինական նախագծեր:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
Վերադառնալ բլոգ
Անշարժ գույքի շուկայում ակտիվություն կա, բարձր են թե՛ վարձակալության, թե՛ առուվաճառքի գները․ Անդրանիկ Հարությունով
14 սեպտեմբերի, 2026 թ. · Անդրանիկ Հարությունով

